Ապրիլի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության մայրաքաղաքի ու մարզային կառույցների կին անդամները հավաքվել էին Ծիծեռնակաբերդի ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Մի քանի հազար կանանց նպատակն էր ոգեկոչել ցեղասպանության զոհերի հիշատակը և կոչով դիմել աշխարհի մայրերին ու կանանց՝ միավորելու ջանքերը ցեղասպանությունների և ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը պատմում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի ընդունումից և կուսակցության տարածքային կառույցների անդամների հետ քննարկումներից հետո առաջացավ աշխարհի մայրերին ու կանանց դիմելու միտքը: «Կանանց և մայրերի ձայնը պիտի լսելի դառնա և կարող է ազդեցիկ լինել խղճի մտոք ապրող մարդկանց համար, ուստի որոշեցինք Ցեղասպանության հուշահամալիր գալ և բարձրաձայնել մեր կոչը՝ վստահ, որ ամեն հայի հոգում ու սրտում արձագանք կգտնի ու կարտահայտի նաև ամբողջ աշխարհում կանանց ու մայրերի՝ խաղաղության, իրենց հարազատներին ողջ ու իրենց կողքին ունենալու ցանկությունը: Ցեղասպանությունը ոչ վաղեմության ժամկետ ունեցող ոճիր է, ոչ էլ հնարավոր է մոռանալ: Դատապարտելով հայոց ցեղասպանությունն ու ցեղասպանության ժխտողականությունը՝ մենք ուզում ենք աշխարհն ու Հայաստանը խաղաղ ու զարգացող տեսնել: Մեր կուսակցական միջոցառմանը մասնակցելու ցանկություն ունեին շատերը, ենթադրում էինք, որ երեք հազար կանայք կհավաքվեն ՀՀԿ տարածքային կազմակերպություններից, այսօր տեսանք, որ այդ թիվը գերազանցեց՝ եկան բոլոր մարզերից: Կարծում եմ՝ շատ ավելի կարևոր է, որ այսօր բոլորիս միավորեց վստահությունն ու հավատը, որ աշխարհի մայրերին ու կանանց ուղղված կոչը տեղ է հասնելու, աշխարհում անտարակույս կան մեզ նման մտածող մարդիկ և համատեղելով մեր ջանքերը պիտի կարողանանք հասնել հայության նպատակների իրագործմանը՝ աշխարհին ավելի հասկանալի դառնալով մեր պատմությամբ, նպատակներով, ներկայի ու ապագայի խնդիրները լուծելու մեր ցանկությամբ: Լինել ընդդեմ ցեղասպանության և ցեղասպանության ժխտողականության պայքարողների կողքին նշանակում է լինել ճշմարտության և արդարության կողքին, առաջնորդվել համամարդկային, ոչ թե օրընթաց շահերով»,- ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այս օրերին դեռ շատ կոչեր կհնչեն, կարևորը թերևս մարդկանց համախմբումն է և հավատը, որ իրենք կարող են ու պարտավոր են իրենց խոսքն ասել աշխարհին: Եվ աշխարհը չի կարող անտարբեր լինել: Սա շատ զգայուն ու նուրբ խնդիր է, որին պարզապես չի կարելի վերաբերվել այնպես, ինչպես մենք վերաբերվում ենք քաղաքական հարցերին՝ շահարկելով, կաղապարելով մեր սուբյեկտիվ պատկերացումների կարծրատիպերով, սա ընդհանրական թեմա է, որտեղ շահարկումները ուղղվում են բոլորիս դեմ:
Մեր պայքարի, քննադատության, անհանդուրժողականության ջիղը այս պարագայում պետք է ուղղվի նրանց դեմ, ովքեր ժխտում են ցեղասպանությունը: Բոլոր ազգերի կյանքում էլ կան անձեռնմխելի թեմաներ, որտեղ ներքին պայքար չի կարող լինել՝ իմ ու քո չկա, կա ընդհանրական խնդիր, որ պիտի միասին լուծվի, պիտի ունենանք ոչ միայն գենային հիշողություն, այլև բարոյական կոդ կամ տաբու՝ այդ հիշողությանը ընթացիկ հարցեր չխառնելու, օրվա անհամաձայնություններն ու տարակարծությունները մեկդի թողնելու: Բոլոր այլ խնդիրները լուծելու բազում հարթակներ ու հնարավորություններ կան: Սա իսկապես բարդ ու նուրբ հարց է, որտեղ միանգամից երևում է՝ ով ինչ խնդիր ունի և ինչպես է լուծում իր «խնդիրը», գիտակցության, մտածողության, բարոյականության համադրումը, սակայն, ոչ բոլորի արժանիքն է: Ցավոք: